Ի՞նչ պետք է անել «օդային տագնապ» կամ «ուշադրություն բոլորին» ազդանշանների դեպքում - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Ի՞նչ պետք է անել «օդային տագնապ» կամ «ուշադրություն բոլորին» ազդանշանների դեպքում


Արտակարգ իրավիճակների նախարարության ուսուցողական ձեռնարկը տեղեկացնում է, որ բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները` «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»:

Նշվում է, որ «Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում, իսկ «Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում:

«Օդային տագնապ» – Էլեկտրաշչակների միջոցով`ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ)։ 

Այս դեպքում․

Արտադրական կազմակերպություններում – Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվել թաքստոցում:

Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում։

Տանը գտնվելիս – Մինչ բնակարանը լքելը անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին։

Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս – Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախա­տեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբա­պատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում:

Քաղաքային տրանսպորտում գտնվելիս – Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչնդոտել վարորդի գործողություններին: Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

Կազմակերպություններում և հասարակական շենք-շինություններում գտնվելիս –  Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հա­ղորդա­գրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

«Ուշադրություն բոլորին» – Էլեկտրաշչակների միջոցով` անընդհատ (չընդհատվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևո-ղությամբ), միաժամանակ` հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվում է «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին» ձայնային հաղորդագրություն։

Այս դեպքում․

  • Միացնել ռադիոն, հեռուստացույցը` հատուկ հաղորդագրություններ լսելու համար,
  • հետևել պաշտոնական հաղորդագրություններին,
  • գործել համաձայն հաղորդվող հրահանգների։

«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին»: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին – Համաձայն ազդանշանի անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով փակել շնչուղիները, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք, ջուր և արագ պատսպարվել թաքստոցում: Դրանց բացակայության դեպքում ճառագայթաակտիվ աղտոտվածությունից պաշտպանվելու համար՝  որպես թաքստոց, կարող են ծառայել նաև փակ շինություններն: Տանը կամ աշխատավայրում մնացած անձինք, ովքեր չեն հասցրել պատսպարվել թաքստոցում, պետք է ժամանակ չկորցնելով, իրականացնեն տարածքի հերմետիկացման աշխատանքներ՝ ծածկեն դռներն ու պատուհանները և փակեն առկա ճեղքերը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ: Բարձրահարկ շենքերում գտնվելիս անհրաժեշտ է շտապ լքել վերին հարկերը և տեղ զբաղեցնել նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում:

«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին»: Հայտարարված է քիմիական տագնապ: Վտանգ է սպառնում …թաղամասերին, …շենքերին – Քիմիական վարակման օջախում գտնվելիս անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով պաշտպանել շնչուղիներն ու մաշկը և արագ դուրս գալ տարածքից՝ շարժվելով քամուն ուղղահայաց՝ աջ կամ ձախ: Եթե մոտակայքում թաքստոցները բացակայում են, ապա վտանգավոր նյութերի ազդեցությունից կարելի է պաշտպանվել բնակելի և արտադրական տարածքներում:

«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին»: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրե-րին, …տներին, …. կազ-մակերպություններին – Անհրաժեշտ է վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները և հետևել դեպի բարձրադիր անվտանգ տարածք:

«Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին», «Օդային տագնապի ավարտ» – Համապատասխան պատասխանատուների թույլտվությամբ, դուրս գալ թաքստոցներից և անցնել առօրյա գործունեության:

Հիշել՝ անհրաժեշտ է ռմբակոծության ժամանակ բացել բերանը և ձեռքերով փակել ականջները:

Թաքստոց – Ամրացված կառույցներ, բնական միջավայր, տեղական առարկաներ (նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ, մետրոպոլիտենի ստորգետնյա կայարաններ), որոնք կարող են պաշտպանել մարդկանց, տեխնիկան և ունեցվածքը պատերազմական պայմաններում, ռազմական կոնֆլիկտների ժամանակ կիրառվող խոցման միջոցների ազդեցության գործոններից ու վթարներից, աղետներից և այլ արտակարգ իրավիճակների ազդեցությունից:

Պատսպարում – Զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով