Ժառանգությունը և դրա ընդունման եղանակները - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Ժառանգությունը և դրա ընդունման եղանակները


Ժառանգությունը ընդունվում է ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգի կողմից նոտարին հանձնելով։ Վկայագիրը տրվում է ժառանգության բացման օրվանից 6 ամիս հետո, բացառությամբ, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան։  Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

Անհրաժեշտ ենք համարում համեմատություն անցկացնել ժառանգության տրանսմիսիայի և ներկայացման իրավունքով գույք ժառանգելու միջև․

Ժառանգության տրանսմիսիա(ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը)

1․  Ժառանգությունը լինում է և ըստ օրենքի, և ըստ կտակի,

2․  Ժառանգել կարող են այն ժառանգի ժառանգները, ով չի հասցրել իր օգտին ընդունել բացված ժառանգությունը,

3․  Ժառանգը պետք է մահացած լինի ժառանգության բացումից հետո,այսինքն՝ ժառանգատուի մահվանից հետո։

Ժառանգություն ներկայացման իրավունքով

1․  Ժառանգությունը լինում է միայն ըստ օրենքի,

2․  Ժառանգել կարող են ժառանգատուի թոռները; քույրերի, եղբայրների զավակները; հորաքույրերի, հորեղբայրերի, քեռիների, մորաքույրերի զավակները,

3․  Ժառանգը պետք է մահացած լինի մինչև ժառանգության բացվելը, այսինքն՝ ժառանգատուից շուտ։

Ինչ վերաբերվում է ժառանգությունից հրաժարվելուն, ապա դա հնարավոր է նույնիսկ, եթե անձը ընդունել է ժառանգությունը, բայց դա պետք է արվի ոչ ուշ քան ժառանգության բացման օրվանից  6 ամսվա ընթացքում։ Եթե ժառանգության ընդունումը կարող է վերացվել, ապա ժառանգությունից հրաժարվելը՝ չի կարող։ Անձը կարող է հրաժարվել ժառանգությունից հօգուտ այլ անձի, բացառությամբ՝

1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին,

2) ժառանգության պարտադիր բաժնից,

3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:

Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով