Այսօր կխոսենք այն մասին, թե ովքեր են համարվում փոխկապակցված անձինք ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն և ինչ հետևանքների կարող է հանգեցնել անձանց փոխկապակցվածությունը։
Նախ նշենք, որ գոյություն ունեն փոխկապակցվածության 2 տեսակներ՝ օրենքի ուժով և հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ այդպիսին համարվող անձինք։
Օրենքի ուժով անձինք փոխկապակցված են համարվում հետևյալ դեպքերում՝
- Երբ ռեզիզդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ունի մեկ այլ ռեզիզդենտ առևտրային կազմակերպությունում 20 և ավելի տոկոս փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս),
- Երբ ֆիզիկական անձը միաժամանակ ունի 20 և ավելի տոկոս փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս) 2 և ավելի առևտրային կազմակերպություններից յուրաքանչյուրում։
Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ անձինք փոխկապակցված են համարվում հետևյալ դեպքում՝
- Երբ սահմանված երրորդ անձից ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված:
Հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.
- միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը.
- միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները.
- որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը:
Անձանց փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել հարկման կարգի փոփոխմանը։ Փոխկապակցված անձինք չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող հետևյալ դեպքերում՝
- Օրենքի ուժով փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
- Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը։
Առավել մանրամասն՝ կարող եք գրանցվել իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։